2002 թվականի մարդահամարի արդյունքներով Վրասատնում բնակվում է մոտ 250 հազար հայ: Մինչդեռ, ոչ պաշտոնական տվյալներով, հայերի թիվը հասնում է մոտ 400 հազարի, որոնք հիմնականում բնակվում են Թբիլիսիում, Ջավախքում, Ծալկայի եւ Մառնեուլիի շրջաններում, ինչպես նաեւ Աջարիայում եւ Աբխազիայում: Վրաստանում գործում է 13 հայկական եկեղեցի եւ 154 հայկական դպրոց, որտեղ ուսանում է շուրջ 28 հազար աշակերտ: Երկրում գործում են նաեւ մի շարք հայկական հասարակական կազմակերպություններ` այդ թվում, «Վրաստանի հայերի միությունը», «Հայ երիտասարդության միությունը», «Թբիլիսիի հայերի միությունը», «Սայաթ-Նովա» մշակութային կրթական ընկերությունը, «Աջարիայի հայերի միությունը», «Շառլ Ազնավուր» ընկերությունը, «Ջավախք» կազմակերպությունը եւ չգրանցված «Վիրք» կազմակերպությունը: 1920 թվականից Վրաստանում լույս է տեսնում հայալեզու «Վրաստան» թերթը, իսկ ամիսը մեկ անգամ հրատարակվում են «Փարոս», «Արշալույս», «Աղբյուր» եւ «Նոր Սերունդ» թերթերը: