17.08.2000. ՄԵԴԻԱՄԱՔՍ, ԵՐԵՎԱՆ.Ռուսաստանյան «Իտերա» եւ ամերիկյան AES Silk Road ընկերությունները պայքարում են Անդրկովկասի էներգետիկ շուկայի համար, եւ վերջինս առայժմ առաջնային տեղ է զբաղեցնում թե Հաաստանում եւ թե Վրաստանում: Նման հայտարարությամբ հադես է եկել Բի-Բի-Սի տնտեսական մեկնաբան Դինա Նյումենը:
Նա նշել է, որ չնայած Հայաստանում դեռեւս շարունակվում է բաշխիչ էներգացանցերի սեփականաշնորհման մրցույթը, շատ հավանական է, որ AES Silk Road-ին կհաջողվի, իսկ Վրաստանում արդեն հաջողվել է իր հսկողության տակ վերցնել բաշխիչ էներգացանցերը:
Ադրբեջանը` որպես բնական պաշարներով հարուստ երկիր, առանձնահատուկ տեղ է գրավում Անդրկովկասում, ընդգծել է Նյումենը: «Երկրում առկա գումարների հաշվին չի զգացվում միջազգային ֆինանսական ինսիտուտների փոխառումների եւ, համապատասխանաբար, սեփականաշնորհման անհրաժեշտությունը: Իսկ ահա Ադրբեջանի հարեւան պետությունները` Հայաստանն ու Վրաստանը հայտնվել են մի կացության մեջ, երբ Միջազգային Արժութային Հիմնադրամը եւ Համաշխարհայի Բանկը պնդում են բոլոր ռազմավարական ճյուղերի սեփականաշնորհման անհրաժեշտության վրա », – նշել է Բի-ԲԻ-Սի-ի փորձագետը: –0–